Մեր անկախությունը հիմնված է 1918թ-ի այդ օրերի երեք իրադարձության վրա: Նախ Թիֆլիսում նստած Ազգային խորհրդի, որոշ իմաստով, հարկադրական որոշումը` վրացիներից ու կովկասյան թուրքերից հետո, մնացած գավառներում անկախություն հռչակելու մասին: Երկրորդը թուրք-կովկասյան բանակցությունները և գլխավոր թշնամու` Թուրքիայի կողմից շատ փոքրիկ հայկական պետության` թեկուզ ժամանակավոր գոյության իրավունքի ճանաչումը: Բայց ամենից կարևորը, իհարկե, հարձակվող թուրքական զորքին ցուցաբերած դիմադրությունն է, որ սկսվեց Ղարաքիլիսայից, Սարդարապատից ու Բաշ-Ապարանից ու շարունակվեց մինչև Բաքու: Այդ դիմադրության շնորհիվ է որ այսօր հայ ենք, անկախ ենք և ապագայի հույս ունենք: Այդ դիմադրությունն էլ հնարավոր չէր լինի, եթե չլինեին կամավորական գնդերը, իսկ դրանից առաջ, եթե չլիներ հայդուկային շարժումը: Այս ամենը Հայաստանի անկախացումը դարձնում է տևական պայքարի արդյունք, այլ ոչ թե սոսկ Ռուսաստանի քայքայմամբ պայմանավորված պատահականություն:
Հայոց պետականությանը վերաբերող տարատեսակ քննարկումներում առկա են երկու միտում, որոնցից մեկի հետ բոլորովին համաձայն չեմ, իսկ մյուսի հետ ուղղակի կռիվ ունեմ:
Առաջինն այն գնահատականներն են, որոնք պնդում են, թե հայերս պետություն չսիրելով, անընդհատ թուլացնում և կործանում ենք մեր պետությունը և այդ ճգնաժամի պատճառը պատմականորեն ձևավորված մեր որակներն են, մասնավորապես ընտանեկան և համայնքային կապվածությունները, որոնցից պետք է ազատվենք, որպեսզի պետություն կարողանանք կառուցել:
Իրականում վերջին մոտ 150 տարում հայերիս ազգային-պետական կազմակերպվածությունը անշեղորեն աճում է: Եվ դրա հիմքը հայոց ազգային ինքնագիտակցությունն է, որն անբաժան է մեր ընտանեկան և համայնքային ինքնագիտակցությունից ու հիմնված է դրանց վրա: Իսկ պետականության միջանկյալ ճգնաժամերը միայն ապահովում են հաջորդող թռիչքը: Վստահ եմ, որ մեր պետականության ներկայիս ճգնաժամից մի օր ծնվելու է նաև Չորրորդ հանրապետությունը, որն ավելի հարազատ է լինելու մեր ազգային բնական կառույցին:
Երկրորդը` հային ու ՀՀ քաղաքացուն հակադրելու միտումն է: Սրա կողմնակիցները նույնիսկ փորձում են նոր ազգ ձևավորել` հայաստանցիներ, որոնց պատմությունը սկսում է 1991-ից կամ լավագույն դեպքում 1989-ից, որոնց հայրենիքը ներկա տարածքն է, այն էլ առանց Արցախի, որովհետև արցախցիները, ըստ նրանց, արդեն «ուրիշ ազգ» են: Սրանց երազածը եվրոպացու նման կուշտ և սանձարձակ ապրելն է, հանուն որի կարող են հրաժարվել թե հայրենի տարածքից, թե բարոյական ավանդույթից, թե ընտանեկան արժեքներից: Հենց դա էլ մեր անկախությունը պակասեցնող, այն անիմաստ դարձնող, երկիրը օտար կենտրոնների կառավարմանը հանձնող գլխավոր սպառնալիքն է:
Ներկա պետական ճգնաժամի գլխավոր հարցն այն է, թե Հայաստանը հայությա՞ն, թե՞ հայաստանցիների պետությունն է, պատասխանից բխող բոլոր հետևություններով և հետևանքներով:
